ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

MADE IN TURKEY (մաս 8-րդ)

MADE IN TURKEY (մաս 8-րդ)
19.06.2022 | 10:27

Սկիզբը՝ այստեղ

ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ
(կամ` «մեծ նավարկության» դուրս եկած հայոց պետականությունը)


ՄԻՋԱՆԿՅԱԼ
Նախ անհրաժեշտ մեջբերում «MADE IN TURKEY» հրապարակման 7-րդ գլխից.
«Մի «սև» երկուշաբթի` 2018-ի ապրիլի 23-ին, հակառակ ռուսական նախապաշարմունքի` “в понедельник корабли в море не выходят”, Հայաստանը դուրս եկավ «մեծ նավարկության» ու ինքնակամ հանձնվեց խռովահույզ «ծովի» կործանարար տարերքին» (irates.am կայք և ՖԲ, 06.06.2022 թ.):
(Վկայակոչված տողերն արձանագրվել են հենց 2018-ի ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո):
«Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում»,- մեջբերում ՀՀ վարչապետի աթոռն ուզուրպացրած «թավշյա» գործակալի ցուցմուք-ինքնախոստովանությունից, որ հնչեցրել է երկրի առաջին ներկայացուցչական մարմնի` խորհրդարանի, բարձր ամբիոնից (15.06.2022 թ.):
Դաժա՞ն է հնչում պղծարյուն դավաճանի չարագուշակ կռռոցը:
Թերևս:


Բայց ո՛չ նրանց համար, ովքեր «մեծ նավարկության» ու «ինքնակամ խռովահույզ «ծովի» կործանարար տարերքին» հանձնված Հայաստանի այսօրը տեսնում էին դեռևս 2018-ի մարտի 31-ին, երբ համազգային աղետ-պատուհասը Գյումրիի Վարդանանց անունը կրող հրապարակից կատարեց իր առաջին ծուռթաթ քայլն ու բացեց երկիրը քանդել-ավերելու երակը:
Եթե անկեղծ` կարևոր չէ, մարդու կերպարանք առած ԴԵՎԸ, որ միշտ էլ երազել է «արյան գետեր տեսնել», ինքնախոստովանությու՞ն է անում, SO՞S է հնչեցնում, թե՞ արդեն իսկ ըմբոշխնում է դիվային այն արբեցումը, որ նրան «պարգևելու» են ապագա թափվելիք արյան ալ-բոսորն ու համը:
Իսկ գուցե կոչնակում է այն «ներկան», որը հարցականի տակ է դնում հայոց պետականության ու հայ էթնոսի ապագա՞ն:
Ապագա կա՞:
Դժվար է ասել:


Կա ողբերգական ներկա, բազում անհայտներով խտացած ու նոր կորուստներով սպառնացող ապագա, որ 15-20 տոկոս կազմող ազգի գլխին բերեց 75-80 տոկոսով բիոզանգվածի վերածված ժողովուրդը:
Դաժան է իրականությունը, որին հայ հանրությունն առճակատվեց «թավշյա» կոչված ավերից, 44-օրյա ստից, կեղծիքից, իշխանության մակարդակով կազմակերպված խաբեություն-ծաղրից, կորուստներից ու կապիտուլյացիայից հետո:
Այո՛, «հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում»:
Նման ընթացքով դժվար է ասել` կփրկվի՞ «մեր նավը», թե՞ կփշրվի՝ բախվելով «թավշյա» գործակալների կռած-կոփած խոչ ու խութին:
Հարցադրում, որի պատասխանը «գուժում» է հենց ինքը` «բրենդային» դավաճանը, հենց նույն ամբիոնից. «Ո՛չ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»:
Իսկապե՞ս «ո՛չ ոք երաշխիք չի կարող տալ»:
Մի՞թե «թավշյա հեղափոխության» հայրը չէր, որ «խաղաղության դարաշրջան» էր բացել Թուրքիայի հետ:


Մի՞թե նա չէր 2022-ի ապրիլ 24-յան ուղերձում թուրքից խաղաղություն ու բարեհաճություն մուրում արձանագրելով. «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք` թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են, և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ»:
Իհարկե «թուրքական կողմի» ձգտումներն անկեղծ են» ու միշտ էլ այդպիսին են եղել, ինչը նրանք արդեն քանի դար չեն էլ թաքցնում.
«Մենք ցանկանում ենք թողնել մեկ հայ, այն էլ` թանգարանում»:
Վկա ս.թ. ապրիլի 24-ին Մոնտեվիդեոյում Թուրքիո ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի «Boz kurtlar»-յան ողջույնն Օմեգային, նույն ինքը` Արաբատին, և թուրքի առաջ կռացած «վարչապետաօլիգարխիկ» մյուս «երևելիներին»:
«Ողջույն», որ նշանակում է` պաշտոնական Անկարայի բացահայտ սպառնալիք նոր ցեղասպանությամբ, ինչը և ապացուցում է` թուրքը երբե՛ք չի՛ դավաճանում իր գիշատչային բնույթին:


Ինչու՞ է տարածաշրջանային «խաղաղության մունետիկը» մահասփյուռ խոստովանություններ անում ու չի՛ ասում` իմ մեղքով «խռովահույզ փոթորիկի հորձանուտում» հայտնված «Հայոց պետականության մեր նավը» բարեհաջող կայանելու է խաղաղության նավահանգստում:
Ինչու՞ չի փաստում, որ խաղաղության նավահանգիստը կոչվում է «Հայոց պետականություն»:
Դրա փոխարեն նա ուղիղ տեքստով գուժում է. «Ո՛չ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»:
Նաև «հստակեցնում» է` «դրա հակառակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը տանելու է կործանման»։
Վե՛րջ:

«ԹԱՎՇՅԱ» ԳՈՐԾԱԿԱԼԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Հանգիստ թողեք իմ քաղաքական բոբիկությունն ու տգիտությունը: Ես երբե՛ք ոչինչ չեմ թաքցրել: Իմ թրքահաճո կեցվածքը դրսևորել եմ տասնամյակներ շարունակ տարբեր թերթերում գրածս հրապարակումներում, իսկ հետո արդեն՝ սեփական ՀԺ-ում:
Ի դեպ, ՀԺ-ն Հայաստանում միակ լրատվամիջոցն էր, որը, շնորհիվ Բաղրամյան 26-ում նստած «համապատասխանների» բարի կամքի ու առատ պարգևավճարի, իհարկե՝ ինչ-ինչ ծառայությունների դիմաց (ես միշտ էլ սիրել եմ ծառայել օրվա իշխողին) տպագրվում և իրացվում էր անվերադարձ:


Հրաշալի, փողաբեր ժամանակներ էին:
Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ:
Իհարկե կային որոշակի պայմանավորվածություններ, բա՞յց…
Ռուսաստան, Իրան, Հզոր Արևմուտք` երկու հատվածներով, «քցողի», այն է` ինձ համար, մի Բաղրամյան 26-ն ի՞նչ էր, որ «չքցեի» ու, հակառակ բոլոր պայմանավորվածությունների, չյուրացնեի իշխանությունը:
Բոլորդ էլ շատ լավ գիտեիք` ոչ մի տեղից, հենց այնպես հանկարծ հեղափոխություն չի բռնկվում:


Որ ընդամենը քայլելով` կլինի Քեմալ Քըլըչդարօղլուի «քայլը», թե ՔՊ-ի, կապ չունի, վարչապետ չեն դառնում, եթե չկան համապատասխան հաշվարկներ, ակնկալիքներ ու պայմանավորվածություններ:
Շատ լավ էլ կռահում էիք, որ էն գլխից գիտակցված «քայլերով» ես ձեզ առաջնորդում էի դեպի պարտություն:
Հորթային հրճվանքով դուք ինքնակամ «քայլեցիք» իմ հետևից ու ինձ համընթաց:
Դու՛ք, ձեր իսկ ձեռքերով բացեցիք Արցախի ու Հայաստանի «պարտության դարպասները»:
Հիմա իզուր եք գլխներիդ սրբի լուսապսակ քաշած ինձ մեղադրում:
Այդ դու՛ք ինքնակամ, ինչպես հազարամյակներ առաջ մերժեցիք ու խաչը հանեցիք ՆՐԱՆ, այնպես էլ մեր օրերում` 2018-ին, հենց դու՛ք ընտրեցիք ինձ` «թավշյա» գործակալիս, «բրենդային, պղծարյուն» դավաճանիս:
Ձեր իսկ կամքով և միասին հասանք տասնամյակներ շարունակ իմ երազած հանգրվան`
«Արցախն Ադրբեջան է և վերջ»:


Հիմա իզուր եք ամեն առիթով հաշվում ու արդեն երկու տարի թութակի նման նույն բանը կրկնում, թե թուրքին է հանձնել.
* Արցախի 75 %-ը (դեռ ու՜ր եք, մնացած 25-ն էլ եմ հանձնելու),
* 187 գյուղ և վեց քաղաք (էլի եմ հանձնելու),
* տեղահանել է 9396 ընտանիք, 38 154 քաղաքացու թողել է անտուն (աճելու է այդ թիվը),
* 200 վանք ու եկեղեցիներ,
* 39 սրբավայր, բերդեր, ամրոցներ,
* 4000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ ու կոթողներ,
* 12 թանգարան, 20 345 ցուցանմուշ (մեղք էլ են` ո՞նց են էդքանը հաշվառել),
* սուվերեն Հասատանի 41 քառակուսի կիլոմետր տարածք (ոմանք էլ 45 թիվն են աչքս խոթում. կողմնորոշվե՛ք, ի վերջո, 41 է, թե՞ 45),
* 21 կմ երկարությամբ միջպետական նշանակության ռազմավարական ճանապարհ և այլն, և այլն:


Չհոգնեցի՞ք հաշվելով ու թվարկելով:
Ինչքա՜ն կարելի է նույնը կրկնել:
Թե՞ առաջնորդվում եք` կրկնությունը գիտության մայրն է սկզբունքով:
Է՜, առաջնորդվեք: Բայց նաև հասկացեք տարրական մի բան.
ինձ հանձնելու, մորթելու, քանդելու և ոչնչացնելու համար են բերել:
Հայաստանը հենց թուրքի կրնկի տակ դնելու համար են բերել:
Այնպես որ`«21-րդ դարն արդեն մերն է»:
Ամեն մեկն իր ուզածով ու հասկացածով թող մեկնաբանի «մերն է» ասվածը:
Հիշու՞մ եք 2019-ի ապրիլի 7-ի իմ «մարգարեացումը» ԵԿՄ արտահերթ համագումարում . «21-րդ դարն արդեն մերն է»: Դուք ինձ չհավատացիք:


Եվ ի՞նչ արեցիք:
Ճիշտ է, ծաղրեցիք, թե «ձեռքն ընկածը» քաշում է վրան ու էլ հագից չի հանում:
Թե ԵԿՄ արտահերթ համագումարում էլ «վերապրոֆիլավորված գողին հատուկ արագ ռեժիմով» գլխին քաշեց Վազգեն Սարգսյանի «21-րդ դարը մերն է լինելու» կարգախոսը, հարմարեցրեց իր «չափումերին» ու վերաձևակերպեց՝ դարձնելով. «21-րդ դարն արդեն մերն է»:
Հա՛, արել եմ այն, ինչ պետք էր:
Լա՛վ եմ արել:
Իսկ դու՛ք ինչ էիք անու՞մ:
Ճի՛շտ է` Մանվել Գրիգորյանին հանձնեցիք «Տուշոնկա շոու»-ով ու կենտրոնացաք ձեր սովորական` հաջորդ կուռքին, իմա` ինձ, քծնելու գործի վրա:
Չեմ ժխտում` նաև «թքում-մրում» էիք ինձ, թե` համագումարում Վազգենի ասածները մեջբերեց քանիցս, իսկ ա՛յ նրա 60-ամյակը ո՛չ շնորհավորեց, ո՛չ էլ հիշեց, որ նրա ծննդյան օրն է:


Է՜, հետո՞:
Մարտի 5-ին Սամվել Բաբայանի ծննդյան օրն էլ է: Նրան էլ չհիշեցի:
Եվ ի՞նչ:
Վազգենին առանձնացնեի՞:
Ինչու՞:
Ինքնակամ թույլ տայի, որ խոսքս «խլանար-առ ոչինչ դառնար» Վազգենին հասցեագրված մաղթանք-շնորհավորանքների «օվկիանոսու՞մ»:
Կներեք, բայց դա իմը չէ:
Ես դա՛ չեմ:
Ո՛վ եմ ե՞ս:
Կրկնեմ տողերը որոնցով սիրում էիք բնութագրել ու վիրավորել ինձ (բայց ես թքած ունեի և ունեմ բոլոր որակումների ու բարձրաձայնումների վրա):
Ես նա՛ եմ,
«Որին չի սիրում ո՛չ ոք աշխարհում,
Որի հայացքը կյանքեր է մարում»:
Մտաբերեցի՞ք հանրահայտ տողերը:
Ով է հեղինա՞կը:
Թումանյա՞նն է:
Չէ՞:
Մի՛ հարցրեք, չեմ հիշում:
Լերմոնտո՞վը:
Իսկ ո՞վ է նա:
Լոմոնոսո՞վը:
Չէ՞:
Լա՜վ, նշանակություն չունի:
Կարևորն ու ճշմարիտն այսօր մեկն է (գոնե իմ ու շրջապատիս համար)`
«Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում և վե՛րջ»:


Համակերպվե՛ք արդեն:
Ո՛չ միայն ես (մեր մեջ ասած` ես ո՞վ եմ, որ), այլև աշխարհի հզորներն են այդպես կամենում:
Իսկ նրանց կամքն ինձ համար օրենք է:
Գիտակցական իմ ողջ կյանքում ես նրանց ծառան ու զինվորն եմ եղել:
Նրանց ցուցումով ու վճարով պահել եմ թերթս, որն իսկական զենք դարձրած, համար առ համար (թու՜հ, ինչ ասում եմ, ստացվում է «քյաբաբ առ քյաբաբ») պայքարել եմ հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի: Հանուն նրանց միացման` ցամաքային ճանապարհով:
Կուրծքս վահան դարձրած պաշտպանել եմ թուրք-ադրբեջանական տարածաշրջանային բոլոր ծրագրերը:


Պայքարել ու տարբեր մեխանիզմների գործադրմամբ չեզոքացրել-վնասազերծել եմ այն ուժերին ու գործիչներին, որոնք դեմ են եղել Թուրքիայի առաջխաղացմանն ու ամրապնդմանը Հարավային Կովկասում ու հենց Հայաստանում:
Ժամանակին հնարավոր բոլոր միջոցներով լծվել եմ թուրք-ադրբեջանական տարանցիկ այն նախագծերի գովազդմանը, որոնց շունչ տալու համար պետք էր Ջավախքը:
Հարցնում եք` ինչու՞:
Պատասխանեմ մեջբերելով դեռևս 1998-ի հոկտեմբերին «Մոլորակ» թերթում հրապարակած հոդվածիցս մի քանի հատված.
«Եթե թուրք-վրացական երկաթուղին անցնի Ջավախքով, նշանակում է, որ Ջավախքը միանգամից տարանցիկ ուղի կդառնա: Ճիշտ է, իհարկե, որ Ջավախքում թուրք գործարարներ կհայտնվեն, գուցե նաև խաչագողեր, բայց հավաստիացնում եմ, թուրքերը մարդու մսով չեն սնվում: Այդ մասին կարող են վկայել թուրքահայերը:
Թուրքերի և ընդհանրապես դրսի մարդկանց ներկայությունը Ջավախքում հնարավորություն կտա զարգացնել հյուրանոցային բիզնեսը (թուրքերը գետնին չեն քնում արդեն), ռեստորանային նոր ցանց կարող է ստեղծվել: Էլ չեմ ասում, որ գործարար կապերի հնարավորություն կստեղծվի: Ի վերջո, պետք է հասկանալ, որ Ջավախք եկած թուրքը իր հետ փող է բերելու ու այլ միջոցներ: Թուրքը գալու է գնալու, իսկ նյութական միջոցները մնալու են Ջավախքում: Իսկ հին հայկական ասացվածքը խորհուրդ է տալիս` որտեղ հաց, էնտեղ կաց»:
«Թուրքիային Վրաստանը հարկավոր է իր անմարդաբնակ տարածքները զարգացնելու համար: Տարածքներ, որ այդպես էլ հնարավոր չի եղել կենդանացնել օբյեկտիվ պատճառներով: Արևմտյան Հայաստան կոչվող տարածքները հյուսիսից շրջափակված են եղել Խորհրդային Միության կողմից, արևելքում Իրանն է, որի հետ Թուրքիայի հարաբերությունները չափազանց սառն են, իսկ հարավում Իրաքն է, որ ավանդաբար Թուրքիային իր թշնամին է համարել: Իհարկե, Արևմտյան Հայաստանը տնտեսապես զարգացնելու իմաստով Թուրքիայի համար ամենահարմար գործընկերը Հայաստանն է: Բայց հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու Թուրքիայի բոլոր ջանքերը ապարդյուն անցան, ու Հայաստանն այդպես էլ չկարողացավ ազատվել հակաթուրք բարդույթից»:


«Եթե վրաց-թուրքական երկաթուղին այնուամենայնիվ կառուցվի, նշանակում է Ռուսաստանը զգալիորեն թուլանում է Անդրկովկասում ու կորցնում ազդեցության մի հզոր լծակ: Պարզ է, որ այս իրավիճակում ռուսները չէին կարող չօգտագործել Անդրկովկասի ժանդարմի, այսինքն, Հայաստանի հազարամյա բարդույթները: ՈՒ խոսելով Ջավախքի թուրքական օկուպացիայի մասին, մենք փաստորեն ասում ենք. «Մեզ համար ավելի մեծ արժեք չկա, քան Ռուսաստանի շահը»: Այսպիսով մենք, ինչպես դարասկզբին, կոչ ենք անում ևս մեկ անգամ կոտորել մեզ: ՈՒ ի տարբերություն դարասկզբի` նման կոչով դիմում ենք նաև վրացիներին»:
Ինչպես ժողովուրդն է ասում` եկեք ծուռը նստենք, շիտակ խոսենք:


ՈՒղեղս եռում է, «ես չեմ հասկանում, այդ ինչու՞ հայերը Ստամբուլում կարող են եկեղեցի ունենալ, օրաթերթեր, համայնք, դպրոց և այլն, իսկ վրացիները չեն կարող իրենց տարածքով երկաթուղի կառուցել» («Օրագիր», թիվ 12, 08. 10. 1998):
Կամ ինչու՞ թուրքերը չեն կարող մեր ճանապարհներն օգտագործել:
Ինչու՞: Ինչու՞: Ինչու՞:
Որտե՞ղ է տրամաբանությունը:
Թուրքերն են, ի վերջո, բարելավելու թե՛ Ջավախքի, թե՛ Արցախի, թե՛, իսկ ինչու՞ ո՛չ, նաև Հայաստանի տնտեսական վիճակը:
Տարիների իմ երազանքը` Հայաստանին ազատագրել ռուսի ձեռքերով թուրքերի դեմ գործող «Անդրկովկասի ժանդարմի» կարգավիճակից, մասամբ բավարարեց «վարդերի հեղափոխության» մունետիկը` Միխեիլ Սաակաշվիլին, երբ 21-րդ դարի կեսերին իրականացրեց Հայաստանը, անհասկացողների բնութագրմամբ, հյուսիսից շրջափակող ու խեղդամահ անող, Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծը:
Ի՜նչ իմանայի, որ տարիներ անց` 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հենց ե՛ս եմ ստորագրելու, ձեր բնութագրմամբ, կապիտուլյացիայի պայմանագիրը:
Որ հենց ե՛ս եմ Հայաստանին վերջնականապես «որակազրկելու» և «լուծարելու» Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ գործող ժանդարմի անպատվաբեր հաստիքը և, ամենակարևորը, կանաչ լույս վառելու Մեծ Թուրանի առաջխաղացման հաջորդ կարևոր «հանգույցներից» մեկի` Մեղրիի տրանսպորտային միջանցքի առջև:


Միշտ ասել ու կրկնում եմ` Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա: Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաև Եվրոպա: Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը:
Երազանքս անհնար էր կյանքի կոչել, քանի դեռ կենսունակ էր Արցախի Պաշտպանության բանակը, որը և վերահսկում էր մինչև Սյունիք ձգվող սահմանը:
Պարզ չէ՞ր, որ գալով իշխանության, պետք է կոտրեի Արցախի ՊԲ-ի ողնաշարը, հրահրեի պատերազմ, հանձնեի Արցախը, նաև Շուշին, որը «մի հատ դժբա՜խտ, դժգու՜յն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին»:
Հիմա բանը հասնել է Արցախի վերջնական հանձնմանը:
Հետո կգա և Մեղրիի հերթը:
Դեռ ինչե՜ր եմ անելու:
Խոր շունչ քաշեք ու հանգիստ նստեք տեղներդ. ուզեք-չուզեք, դեռևս երկար եք հանդուրժելու իմ անփառունակ գոյությունը:
Օղ արեք ու կախեք ականջներիցդ` հեղափոխությունները հենց այնպես չեն բռնկվում:
Դրանք միշտ էլ ունենում են «տերեր», կատարողներ ու «պտուղները» վայելողներ:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ի՞նչ կռռաց պղծարյուն դավաճանը ս.թ. հունիսի 15-ին երկրի առաջին ներկայացուցչական մարմնի բարձր ամբիոնից:
2. Մարդու կերպարանք առած ԴԵՎԸ որ միշտ էլ երազել է «արյան գետեր տեսնել», SO՞S էր հնչեցնում, թե՞ ըմբոշխնում էր դիվային այն արբեցումը, որ նրան «պարգևելու» էին ապագա թափվելիք արյան ալ-բոսորն ու համը:
3. Ի՞նչ բերեց 15-20 տոկոս կազմող ազգի գլխին 75-80 %-ով բիոզանգվածի վերածված ժողովուրդը:
4. ԵԿՄ արտահերթ համագումարում «վերապրոֆիլավորված գողին հատուկ արագ ռեժիմով» Վազգեն Սարգսյանի ի՞նչը քաշեց գլխին «թավշյա» գործակալը:
5. Ի՞նչ նոր ավերներ է խոստանում ազգային պատուհասը:
(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 41401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ